ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին՝ նշելով, թե դա միջպետական պայմանագիր է, իսկ նման փաստաթղթերի վավերացման ընթացակարգերը երկու երկրներում տարբերվում են․
«Եթե ես ճիշտ եմ տիրապետում նրանց համապատասխան օրենսդրությանը, նրանց պարագայում խորհրդարանի կողմից հաստատման անհրաժեշտություն չկա։ Կարծում եմ՝ ներպետական գործընթացները զուգահեռ գնում են․ մեծ խնդիր չեմ տեսնում»,- ասել է նա։
Կոստանյանը նաև նշել է, թե էսկալացիաների վտանգը շարունակում է առկա մնալ, քանի դեռ երկու երկրների հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել։ Հարցին՝ պայմանագիրը երաշխի՞ք է, որ պատերազմ չի լինի, նա պատասխանել է. «Դա հավելյալ մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»։