Քաղաքական

«Ճիշտ ռելսերի վրա դրված արտաքին քաղաքականություն ենք վարում». վարչապետ

Կառավարությունն իրականացնում է բալանսավորման արտաքին քաղաքականություն. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Նա առաջարկել է դիտարկել նաև տարածաշրջանային հարթությունը. «Մենք տարածաշրջանային մեր գործերը դիտարկում ենք ընդհանուր համատեքստում, բայց, ինչ-որ առումով, նաև առանձին համատեքստում»։

Վարչապետը հիշեցրել է, որ Հայաստանը որոշել է մասնակցել 3+3 հարթակի քննարկումներին. «Դա մեր արտաքին քաղաքականության տարածաշրջանային հարթությունն է ընդգծում»։

Խոսելով Իրանի հետ հարաբերությունների մասին՝ նա ընդգծել է, որ դրանք բնականոն են և իրենք քաղաքական որոշման արդյունք չեն․ «Քաղաքական որոշումն է բնականոնության արդյունք»։ Ըստ նրա՝ նույնը կարելի է ասել նաև Վրաստանի հետ հարաբերությունների մասին։ 

«Մեր քաղաքականությունն ուղղված է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելուն»,- ասել է նա՝ հավելելով, որ անվտանգային խնդիր է այդպիսով լուծվում․ «Մեր անվտանգությունը պետք է երաշխավորենք ոչ միայն զինվորով ու բանակով, այլև՝ մեր քաղաքականությամբ, տնտեսությամբ, սոցիալ-հոգեբանությամբ, մեր խոսացածով, մեր՝ սադրանքներին տրվել-չտրվելու հմտություններով կամ հակառակը»։

Փաշինյանը նաև նշել է, որ ճիշտ ռելսերի վրա դրված արտաքին քաղաքականություն է վարվում․ «Եթե ուշադրություն եք դարձրել, չենք մերժում որևէ ուղղությամբ որևէ հարաբերություն, բայց որոշակի ուղղություններում զարգացումներն ավելի ակտիվ են»։