Քաղաքական

«Կյանքը ցույց կտա». Ասլանյանը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնանկության ստորագրահավաքի մասին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը ճիշտ որոշում է համարում արդարադատության նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականի դիմումը։ 

«Կարծում եմ՝ ճիշտ որոշում է կայացրել»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Ասլանյանը, որը ևս մասնակցել է նախարարի պաշտոնանկության համար ԱԺ ՔՊ խմբակցությունում նախաձեռնված ստորագրահավաքին։

Հարցին, թե, ի վերջո, որն էր ստորագրահավաք կազմակերպելու դրդապատճառը, Ասլանյանն ասաց․ «Հիմնական դժգոհությունը պետք է որ կադրային քաղաքականությունից լինի»։

ՔՊ խմբակցության պատգամավորից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է նման  ստորագրահավաք էլ սկսեն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հարցով, հաշվի առնելով նրա և Գրիգոր Մինասյանի ջերմ հարաբերությունները, Ասլանյանն ասաց՝ կյանքը ցույց կտա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկելու համար ԱԺ ՔՊ խմբակցության որոշ պատգամավորներ ստորագրահավաք են նախաձեռնել, իսկ արդեն սեպտեմբերի 26-ին արդարադատության փոխնախարար Սիրվարդ Գևորգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։ Այսօր էլ Մինասյանն է հայտարարել նախարարի պաշտոնից հրաժարականի մասին։

Հայկ Մագոյան