Քաղաքական

«Ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը». Ծովինար Վարդանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն արձագանքել է ծառայողական մեքենաներ ձեռք բերելու մասին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին։ Խաչատրյանն ասել էր, որ կառավարությունը 1 մլրդ-ից ավել գումար է ծախսել 49 էլեկտրամոբիլ գնելու համար, մինչդեռ այդ գումարը կարող էր ուղղել Գյումրիին:

Ծովինար Վարդանյանը հիշեցրել է, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել բյուջեի և բյուջեի կատարողականի քննարկմանը, մինչդեռ լավ կլիներ, եթե նրանք գային և առաջարկներ ներկայացնեին։

«Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, այո, ծրագրերն ունեն իրենց տակ դրված գումար, որը ծախսվում է ըստ ծրագրի և ծառայում պետությանը: Եթե գումարը դրված է ծրագրի տակ, որը պետք է ճանապարհաշինության համար լինի, դա դրա գումարն է, եթե գնում է ծառայողական մեքենաների, ապա, դրա գումարն է:

Ես չեմ ուզենա այս դիսկուրսի տրամաբանությամբ նայել, որովհետև այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը, պարո՛ն Խաչատրյան, և երբ դրա մասին ասում եք, խնդրում եմ՝ դա էլ հաշվի առեք: Պետությունը գնել է նրա համար, որ արդյունավետ կառավարի պետական համակարգը»,- ասել է Վարդանյանը: