Քաղաքական

«Ադրբեջանը սպառազինությունների հսկայական գնումներ է անում». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, թե Ադրբեջանը սպառազինության, ռազմական տեխնիկայի հսկայական գնումներ է իրականացնում: 

«Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, Ադրբեջանն իր ռազմական մատակարարումների ծավալը, տեխնիկական միջոցների տեսականին ու մոդելները հիմնականում պահում է գաղտնի:

Իմ տպավորությամբ, Ադրբեջանի՝ 2021-2024 թվականի մատակարարումների ծավալն էականորեն մեծ է, քան պայմանական 2017-2020 թվականներին:

Ինչպես 2020 թվականի պատերազմից հետո, այնպես էլ հիմա՝ որոշակի դիվանագիտական քողարկվածությամբ, Ադրբեջանը պնդում է, որ ուժի կիրառման միջոցով Հայաստանի հետ խնդիրներ լուծելու միջոցն իր օրակարգում է, նաև ընդգծելով, որ աշխարհում հարց լուծողը ոչ թե իրավունքն է, այլ ուժը: Սրան համընթաց, Ադրբեջանը նոր պահանջ է իջեցնում Հայաստանին՝ փորձելով հասնել մեր երկրի ապառազմականացմանը:

Զուգահեռ, Ադրբեջանը պարբերական տեղեկատվական հարձակումներ է գործում՝ փորձելով արտաքին լսարանին ցույց տալ, թե իբր  առաջնագծի տարբեր ուղղություններով Հայաստանը պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ է թույլ տալիս:

Իսկ իրականում՝ զինանոցում ունենալով ռազմական գործիքակազմ, Ադրբեջանը մշտապես ակտիվ է պահում տեղեկատվական գերակայությունն ու Հայաստանին ագրեսոր ներկայացնելու իր մղումները, ըստ անհրաժեշտության, տարբեր մասշտաբների գործողություններ իրականացնելու համար»,- ասել է նա: