Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին։
«Առաջիկայում Բաքվում սպասվում է COP29-ը, և կարծում եմ, որ դա մեզ համար շատ կարևոր պահ է լինելու։ Այսօր մենք ունենք հակամարտություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, և ես հույս ունեմ, որ այն կլուծվի COP29-ից առաջ։ Եկեք դա անենք, եկեք հանձնառություն վերցնենք խաղաղության համար, Ադրբեջան։
Եկեք ցույց տանք, որ կարող ենք հպարտանալ Բաքու գալով, որ կարող ենք հպարտանալ այն արդյունքներով, երբ բոլորը երջանիկ կլինեն՝ առանց մտքում ունենալու, որ գուցե վաղը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն լինի։ Դա իսկապես այն է, ինչ կարող եմ խորհուրդ տալ»,- ասել է նա։