ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, թե մամուլից է իմացել, որ ՔՊ խմբակցությունում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաք է սկսվել։ Նա նախարարի պաշտոնում Մինասյանի աշխատանքը գնահատել է լավ. «ՔՊ-ում խոսքի, կարծիքի ազատություն է, մարդիկ կարող են ազատ արտահայտվել, դժգոհ լինել, այդ թվում՝ նաև ինձնից, իմ գործընկերներից։ Շատ նորմալ բան է»։
Իսկ թե ինչու են Մինասյանից դժգոհ, նա ասել է, որ այդ հարցերը պետք է ուղղել ստորագրահավաքը նախաձեռնողներին։ Պապոյանը հաստատել է, որ կուսակցությունում արդարադատության բնագավառի, կոռուպցիայի դեմ պայքարի մասին քննարկումներ են եղել. «Քննարկումներ, առհասարակ, լինում են, և դա անձի, նախարարության վերաբերյալ չի եղել։ Մենք միշտ ինքնաքննադատությամբ ենք վերաբերվում մեզ, և երբ ասում ենք՝ այսինչ բանը պետք է այսուհետ ավելի լավ անել, դա ուժեղացնում է մեզ, ոչ թե թուլացնում։ Նման քննարկումը որևէ անձի կամ օղակի դեմ չէ, այլ կառավարության գործունեության բարելավմանն է նպաստում»։