Երեկ՝ ՄԱԿ-ի գլխ․ վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Պաշտոնական տեղեկություններով՝ կողմերն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին և առկա պայմանավորվածություններին, տարածաշրջանային հարցերի, ինչպես նաև ընդգծվել է կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը:
Թուրքագետ Նելլի Մինասյանը Radar Armenia-ի հետ զրույցում ասաց, որ Փաշինյան-Էրդողան հանդիպումը դիտարկում է որպես կարևոր քայլ։ Ըստ նրա՝ թեև սահմանափակ տեղեկատվությանը, ակնհայտ է, որ շատ բովանդակային քննարկումներ են եղել՝ հենց հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված։
Թուրքագետը դժվարացավ ասել՝ այդ հանդիպումը կտանի՞ հարաբերությունների կարգավորման։ Նա հակված է կարծելու, որ առաջիկայում տեղեկություններ կլինեն պայմանավորվածությունների կատարման մասին, որն էլ սկիզբ կհանդիսանա հետագա գործողությունների համար։
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջան-Հայաստան բանակցություններին, Մինասյանը կարծում է՝ թուրքական կողմից, կարծես, որոշակի ազդակներ են գալիս՝ փորձելով ուշադրություն դարձնել բուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա՝ չպայմանավորելով երրորդ երկրի (այս պարագայում՝ Ադրբեջանի) հետ հարաբերություններով։
Նշենք, որ մինչ այս հանդիպումը թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ հանդիպման հիմնական թեման նաև լինելու է «Զանգեզուրի միջանցքը»։
Թուրքագետն ասում է, որ «միջանցքը» Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի և երկրի հարավկովկասյան քաղաքականության կարևոր մասն է. «Միաժամանակ, Թուրքիայում հաշվի են առել այդ խնդրի հետ կապված տարբեր, այդ թվում՝ խոշոր տերությունների դիրքորոշումը, և հռետորաբանության մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել։ Թուրքիայի գլխավոր նպատակն է՝ հնարավորությունների սահմանում այդ ճանապարհին ավելի մեծ հասանելիություն ունենալը»։
Նրա դիտարկմամբ՝ թուրքական կողմը այս հարցի հետ կապված կփորձի որոշակի պայմանավորվածությունների հասնել նաև հայկական կողմի հետ. «Պատահական չէ, որ Հայաստանի վարչապետը հենց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը տվեց Էրդողանին՝ ներկայացնելով հայկական տեսակետը։ Իսկ մյուս կողմից էլ հետաքրքիր էր, որ Էրդողանը նշեց երկրների տարածքային ամբողջականության պահպանման և սահմանների անխախտելիության սկզբունքը»։
Հիշեցնենք՝ Փաշինյանն ու Էրդողանն առաջին անգամ հանդիպել են 2022-ի հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Իսկ 2023թ. հունիսի 3-ին առաջին անգամ Հայաստանը պետության ղեկավարի մակարդակով մասնակցեց Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը։ Նաև նշենք, որ մինչ այս պահը հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացները 5 հանդիպում են ունեցել, սակայն հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են չկարգավորված մնալ, իսկ սահմանը՝ փակ։
Հայկ Մագոյան