Լրացավ Հայաստանի դիվանագիտական դպրոցի հիմնադրման 15-րդ տարեդարձը։
2009 թվականի սեպտեմբերի 23-ին կառավարության որոշմամբ հիմնվեց ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցը։ Իսկ արդեն 2010թ. հունվարին դպրոցն ընդունեց իր առաջին՝ «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրի ունկնդիրներին։ 2011 թվականից սկսվեցին «Հյուպատոսական գործունեություն» թեմայով տարեկան վերապատրաստման 1-ամսյա դասընթացները, որոնք անցկացվում են ՀՀ ԱԳՆ հյուպատոսկան վարչության հետ համատեղ:
2012 թվականից ԱԳՆ լրատվության վարչության հետ համատեղ սկսեցին կազմակերպվել նաև արտաքին քաղաքական հարցեր լուսաբանող լրագրողների վերապատրաստման կանոնավոր դասընթացներ:
2013 թվականից սկսեցին ուսումնական այցերը միջազգային կառույցների եվրոպական կենտրոնակայաններ, որոնց աշխարհագրությունը ժամանակի ընթացքում ընդլայնվեց և այժմ ընդգրկում է Բրյուսելը, Ժնևը, Ստրասբուրգը և Վիեննան: Այցերին մասնակցում են «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» յուրաքանչյուր տարվա ծրագրի բոլոր ունկնդիրները:
Իսկ 2014թ. սկսեցին դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին հարաբերությունների համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման ամենամյա դասընթացները, որոնց տևողությունն այժմ շուրջ երեք ամիս է:
2019 թվականից ՀՀ կառավարությունը ստանձնեց դիվանագետների և պետական այլ գերատեսչությունների արտաքին հարաբերությունների համար պատասխանատու աշխատակիցների վերապատրաստման տարին երկու անգամ անցկացվող դասընթացների ֆինանսավորումը, ինչը նախկինում տարեկան մեկ անգամ իրականացվում էր Եվրոպական միության աջակցությամբ:
2021 թվականից ՀՀ կառավարությունը ստանձնեց նաև նախկինում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» ծրագրի բոլոր բաղադրիչների ֆինանսավորումը:
2012-2024թթ. ընթացքում Դիվանագիտական դպրոցը համագործակցության հուշագրեր է ստորագրել տարբեր երկրների՝ դիվանագիտական կրթության քսանհինգ հաստատությունների՝ ինստիտուտների, ակադեմիաների և դպրոցների հետ:
2011-2024թթ. ընթացքում Դիվանագիտական դպրոցի վերապատրաստման տարբեր ծրագրերին մասնակցել են ՀՀ ԱԳՆ և այլ պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և զանգվածային լրատվության միջոցների շուրջ հինգ հարյուր ներկայացուցիչներ: