Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Էսպեն Բարթ Այդի հետ:
Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է Հայաստանի և Նորվեգիայի միջև զարգացող քաղաքական երկխոսության ակտիվ դինամիկան։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված համագործակցության խթանման, տարբեր ձևաչափերում փոխգործակցության նոր հնարավորություններին։
Արարատ Միրզոյանը և Էսպեն Բարթ Այդը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացը։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում կայունություն հաստատելու, տարածաշրջանը տնտեսական զարգացման ուղիով տանելու հնարավորությունը բաց չթողնելու, այդ նպատակով Ադրբեջանի կողմից, մասնավորապես խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չստեղծելու կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի։