ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության տոնի առթիվ․
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորանքներ և ջերմ մաղթանքներ եմ հղում Հայաստանի ժողովրդին՝ Ձեր Անկախության օրվա առթիվ։ Որպես Հայաստանի անկախությունը ճանաչած առաջին երկիրը՝ Միացյալ Նահանգները հպարտ է, որ շարունակում է մնալ Հայաստանի կողքին, քանի որ այն դառնում է մեր ժողովրդավարական համայնքի ծաղկող անդամը։
Աշխատելով Միացյալ Նահանգների և միջազգային գործընկերների հետ՝ Հայաստանը ստեղծել է ներառական տնտեսություն՝ ավելի ու ավելի շատ կապված աշխարհի հետ։ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտուրը վերջին տասը տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Մենք աշխատում ենք Հայաստանի էներգառեսուրսների դիվերսիֆիկացման և նրա բնակչության ու տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։
Մեր ժողովուրդների միջև կապերը, որոնք մեր հարաբերությունների հիմքն են, շարունակում են աճել և ամրապնդվել՝ ամրապնդված Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում հզոր հայկական սփյուռքի շնորհիվ: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք ավելի մեծ բարգավաճում ստեղծել մեր ժողովուրդների և տարածաշրջանի համար՝ Հարավային Կովկասը դարձնելով ավելի փոխկապակցված, կայուն և անվտանգ։
Մինչ մենք նշում ենք այս կարևոր օրը, Միացյալ Նահանգները անդրդվելի է հայ ժողովրդի ժողովրդավարական նկրտումների, ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում։
Մենք հարգում ենք Հայաստանի հանձնառությունը հաշվետու կառավարմանը և օրենքի գերակայությանը լուրջ մարտահրավերների ժամանակ։ Մենք կշարունակենք պաշտպանել կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասի տարածաշրջանում»: