Քաղաքական

Անկախ պետականաշինության դժվարին ճանապարհն այսուհետ անցնենք ավելի միասնական․ Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,
այսօր Հայաստանի Հանրապետությունում նշում ենք ամենակարևոր, ամենապատվաբեր, ամենահպարտ համապետական տոնը՝ Անկախության օրը:

33 տարի առաջ հայ ժողովուրդը կանգնած էր բախտորոշ ճամփաբաժանի խաչմերուկում, և նա միահամուռ ու հաստատակամ ընտրեց դժվար, բայց պատվելի ճանապարհը՝ անկախ պետականություն կառուցելու ուղին:

Մեր ժողովուրդը գիտակցաբար ու աներկբա ստանձնեց այդ սրբազան պարտականությունը:

Մեր Անկախությունը գոյության, ինքնության կռիվ էր, ու նրա ամենաթանկ զավակը՝ բանակը, դարձավ պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության երաշխավորը:

Մեր Անկախությունը պետականաշինության դժվարին ընթացք էր, որն ուղեկցվեց վերելքներով և վայրէջքներով, հաղթանակներով ու ձախողումներով, նվաճումներով և բացթողումներով, բայց երբեք չընդհատվեց՝ մեր ժողովրդի կամքի, տքնանքի, ազատասիրության, խիզախության ու պատվախնդրության շնորհիվ:

Այսօր մեր ժողովուրդն ավելի մեծ նվիրումով, հավատով ու հաստատակամությամբ է ամրացնում իր անկախ պետականության հիմքերը, շարունակում իր ընթացքն ազատության, ժողովրդավարության, ինքնիշխանության ճանապարհով, կառուցում պաշտպանված, բարեկեցիկ, ուժեղ և արդար երկիր, որտեղ առանցքային դերակատարը սեփական իրավունքներն ու պարտականությունները գիտակցող, եռանդուն, աշխատող-արարող, առաջընթացի գաղափարներով լի, սեփական երկրի ապագայի հանդեպ լավատեսությամբ տոգորված, սեփական երկիրը կառուցելու և պաշտպանելու պատրաստ քաղաքացին է:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Մաղթում եմ, որ անկախ պետականաշինության դժվարին ճանապարհն այսուհետ անցնենք ավելի միասնական, համերաշխ, նվիրումով և խանդավառ:

Ու երբեք չկասկածենք, որ միահամուռ բաղձանքն ու ջանքը եղել և մնալու են մեր համազգային երազանքների իրականացման ամենահուսալի գրավականները:

Փա՛ռք  նահատակներին:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Անկախությունը:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան»։