Սեպտեմբերի 19֊ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։
Հանդիպման սկզբում զրուցակիցները մանրամասն քննարկել են Հայաստանի և արաբական երկրների, ինչպես նաև՝ Հայաստանի և ԱՊԼ միջև հարաբերությունների դրությունը և զարգացումները։ Հրաչյա Փոլադյանն ընդգծել է արաբական ուղղության կարևորությունը Հայաստանի համար` նշելով, որ Երևանում սպասում են Գլխավոր Քարտուղարի Հայաստան կատարելիք այցին։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արաբական երկրներում հայ համայնքների դրական դերակատարությանը հայ-արաբական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև՝ համապատասխան երկրների հասարակական կյանքում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը մոտ ապագայում։