Քաղաքական

Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց, բայց քրեական պատասխանատվությունից ազատվեց

Հրայր Թովմասյանը մեղավոր ճանաչվեց, բայց քրեական պատասխանատվությունից ազատվեց

Առաջին ատյանի դատարանը հրապարակեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատավճիռը։

Դատարանը Հրայր Թովմասյանին մեղավոր ճանաչեց 2 դրվագով, սակայն նա ազատվեց քրեական պատասխանատվությունից` գործի վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ։

Տուժող և քաղաքացիական հայցվոր Սարգսյանի քաղաքացիական հայցը բավարվեց և Հրայր Թովմասյանից հօգուտ տուժողի կբռնագանձվի 5 մլն 600 հազար դրամ՝ որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում։ Տուժող և քաղաքացիական հայցվոր Էմմա Շաբոոյանի քաղաքացիական հայցը բավարարվեց մասնակի, հօգուտ նրա կբռնագանձվի 5 մլն 203 հազար դրամ։

Հրայր Թովմասյանի գույքի վրա դրված կալանքը՝ 10 մլն 803 հազար գումարի չափով, մնաց անփոփոխ, մինչև դատավճռի կատարումը, իսկ մնացած մասով վերացվեց։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը մեղադրվում է Արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ երկու դրվագով։ Ըստ Դատախազության՝ Թովմասյանը Արդարադատության նախարարության վերահսկողության ներքո գործող նոտարներին ստիպել է Բաղրամյան 1 հասցեում գտնվող և իրեն պատկանող տարածքները շուկայականից բարձր գնով վարձակալության վերցնել, ինչպես նաև նոտարական գրասենյակի համար շուկայականից բարձր գնով վարձակալության է տվել Սախարովի հրապարակին հարակից տարածքում գտնվող և իրեն պատկանող այլ տարածքները։

Նշենք, որ քրեական գործը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է գտնվում շուրջ 4․5 տարի։

Թովմասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու են որոշումը և՛ վերաքննիչ, և՛ վճռաբեկ դատարան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական