Սեպտեմբերի 16-ից 18-ը ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն էդուարդ Մարտիրոսյանը, ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը մասնակցել են Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանին։
Գլխավոր համաժողովի շրջանակներում Հ. Վարդանյանը և պատվիրակությունը հանդիպում են ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ, որի ընթացքում մասնավորապես քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման և նոր հզորությանն անցնելու ծրագրերը և այդ ուղղությամբ ԱԷՄԳ հետ փոխգործակցությունը։
ՀՀ պատվիրակությունը շուրջ երկու տասնյակ հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ։
Նախարարի տեղակալը հանդես է եկել ազգային ելույթով՝ ներկայացնելով մասնավորապես ԱԷՄԳ հետ համագործակցության առաջնահերթությունները, խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ հանձնառությունները, ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ Իր ելույթում Հ. Վարդանյանը ընդգծեց գործակալության գործունեության գրեթե բոլոր ասպեկտներում ԱԷՄԳ-ի տարբեր կառույցների հետ Հայաստանի համագործակցության աներկբայելի կարևորությունն ու արդյունավոտությունը։
Աշխատանքային հանդիպումներ են կազմակերպվել ԱԷՄԳ մասնագիտացված ստորաբաժանումների հետ։
Համաժողովի ծրագրով նախատեսված լիագումար նիստերից բացի, կայացել են մի շարք խորհրդակցություններ և բանակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են առաջնային կարևորության բազմաթիվ հարցեր:
Համաժողովի շրջանակներում կայացել է հայկական պատվիրակության հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ ՀԱԷԿ-ի անվտանգության պատշաճ մակարդակի ապահովմանն ուղղված առավել բարդ, երկարաժամկետ միջոցառումների իրականացման ուղիների թեմայով:
ԱԷՄԳ-ի Գլխավոր համաժողովի 68-րդ հերթական նստաշրջանը վերահաստատեց Գործակալության կարևոր դերը ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման խթանման գործում՝ ապահովելով անվտանգության, պաշտպանության և չտարածման ամուր չափանիշներ:
Անդամ պետությունները վերահաստատեցին իրենց նվիրվածությունը՝ միջուկային գիտությունն ու տեխնոլոգիան օգտագործելու կայուն զարգացման նպատակներով և գլոբալ մարտահրավերների հաղթահարման համար: Այս նստաշրջանի արդյունքները հստակ ճանապարհային քարտեզ կազմեցին ԱԷՄԳ-ի ապագա առաջնահերթությունների համար՝ կենտրոնանալով նորարարության, համագործակցության և միջուկային էներգիայի անվտանգ ընդլայնման վրա: