Քաղաքական

Միրզոյանը և Պետդեպի փոխտեղակալն ընդգծել են ռազմավարական գործընկերության կարևորությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Երկուստեք ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը:

Անդրադարձ է կատարել քաղաքական երկխոսության խորացմանը զաւգահեռ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով:

«Մեր երկրների միջև հարաբերությունները վերջին շրջանում զարգանում են ինտենսիվ դինամիկայով, համալրվում նոր բովանդակությամբ՝ կառուցվելով ռազմավարական երկխոսության վրա, և մենք շահագրգռված ենք շարունակել ակտիվ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով»,- նշել է Միրզոյանը։

Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը: