Սահմանադրական փոփոխությունների խորհրդի նիստում քննարկվել է կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու՝ Իրազեկ քաղաքացիների միավորման ղեկավար Դանիել Իոաննիսյանի առաջարկը։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեմ է արտահայտվել այդ գաղափարին՝ նշելով, որ հարցի լուծումը տեսնում է նոր սահմանադրության համատեքստում։
Ըստ պատգամավորի՝ նոր սահմանադրությունը պետք է ունենա նոր սկզբունքներ, նոր ինստիտուտներ, նոր բալանսավորված ձևաչափեր, որպեսզի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները կարողանան ճիշտ հարաբերվել. «Եթե մենք չենք առաջնորդվելու այդ սկզբունքով և փորձելու ենք հատվածական լուծումներ փնտրել, դրանցով ավելի ենք խորացնելու և խեղաթյուրելու սահմանադրության իմաստը։
«Բազմիցս ասել եմ, որ ես խորհրդարանական կայուն մեծամասնության գաղափարի մեծ կողմնակից չեմ, բայց պետք չէ նաև այս համակարգը հատվածական փոխել և դրանով ավելի վատթարացնել վիճակը»,-ասել է նա՝ հավելելով, որ սա հատվածական լուծում է։
Վարդանյանը նաև մեջբերումներ է արել սահմանադրության այլ հոդվածներից՝ նշելով, որ հիմա խնդրի հատվածական լուծման գնալու դեպքում իրավական կարգավորումներն ավելի կխճճվեն. «Սա աղճատելու է սահմանադրության բովանդակությունը, ավելի է խորացնելու հնարավոր ճգնաժամերը։ Եթե այն դեռ չի կիրառվել, չգիտենք՝ ինչ ճգնաժամ կարող է առաջացնել, ապա այս փոփոխության արդյունքում կարող ենք ստեղծել սահմանադրաիրավական ճգնաժամ»։