Այսօր «Եռաբլուրում» Սամվել Շահրամանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ռազմական գործողությունների արդյունքում է արցախահայությունը ստիպված լքել հայրենիքը.
«Մենք մշտապես մեր հիշողություններում ունենալու ենք այն նվիրյալների անունները, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքը և հնարավորություն ստեղծել, որ 100 հազարից ավել մարդ հնարավորություն ունենա դուրս գալ շրջափակումից և խուսափել ավելի բարդ և ծանր հետևանքներից»,- ասաց Շահրամանյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե իրենց են Հայաստանի իշխանությունները մեղադրում ԼՂ կորստի մեջ, Շահրամանյանն ասաց, որ մեծ ցավով է լսում նման արտահայտություններ.
«Մեծ ցավով եմ լսում նման արտահայտություններ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, որոնք համարում են, որ մենք՝ արցախցիներս, հյուր ենք Հայաստանում, որոնք համարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը Հայաստանի հաղթանակն է։ Ես մեծ կասկածներ ունեմ, որ Հայաստանի կառավարության բոլոր անդամներն ու Հայաստանի ժողովուրդն այդպես է մտածում»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115․000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։