Քաղաքական

Խաչատուրյանը դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ի և Սիերա Լեոնեի համագործակցության հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Սիերա Լեոնեի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Բադարա Կամարայի հետ:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շեշտել է, որ կարևորում է երկու երկրների միջև առկա համագործակցային ներուժի բացահայտմանն ուղղված ջանքերի ներդրումը, մասնավորապես՝ տնտեսության ոլորտում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սիերա Լեոնեի միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Հանրապետության նախագահն իր խոսքում նշել է, որ Հայաստանը վերջին տարիներին խթանում է հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ համագործակցային նոր ուղիներ որոնելով:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների շուրջ՝ երկուստեք ընդգծելով կայուն և հարատև խաղաղության հաստատման կարևորությունը: