Քաղաքական

Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ՄԱԿ-ում բանաձևի քվեարկության համար

«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը․ պատրաստ ենք ներդնել մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ»,- հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա նաև նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. «Պատրաստ ենք նաև մեր դերակատարումն ունենալ՝ ապահովելու կայունությունը տարածաշրջանում»։

Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ՄԱԿ բանաձևին կողմ քվեարկելու համար։ Ըստ նրա՝ ռազմավարական համագործակցությունը կխթանի երկու երկրների հարաբերությունների խորացմանը. «Իմ երախտագիտությունն եմ հայտնել ՀՀ վարչապետին՝ ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկելու համար, որն առնչվում էր Աբխազիայից բնակիչների բռնի տեղահանմանը և վերադարձին։ Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Մեր հարաբերությունների դինամիկան շատ բարձր է, բարձրաստիճան այցերը հաճախակի են։ Մենք պարտավոր ենք այս դինամիկան պահպանել»,- ասել է նա։