Քաղաքական

Վարչապետը կրկնել է խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի այցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։ Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են համաձայնեցնել խաղաղության պայմանագրի՝ մոտ 80%–ը։

Փաշինյանը կրկնել է խաղաղության պայմանագիրն ստորագրելու իր առաջարկը. «Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա ու մինչև այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ ու շարունակել քննարկումները»,- ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ Հարավային Կովկասում իրապես կա հակամարտության էջը փակելու ու տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն։ Ըստ նրա՝ դրանից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը և Թուրքիան։

Նա առաջընթաց է որակել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի ստորագրումը, նաև նշել, որ սահմանազատման հարցեր կան նաև Վրաստանի հետ, հույս հայտնելով, որ այդ հարցերը ևս արագ ավարտին կհասցնեն. «Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում»։