Քաղաքական

«Ընդդիմադիր խմբակցությունն ԱԺ-ում կարող է գործել շարժման արդյունքներից ելնելով». Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպմանը։ Նա նշել է, որ քննարկել են Գալստանյանի առաջնորդած շարժման վերաբերյալ հարցեր. 

«Քննարկվեցին նաև գործիքակազմեր, որ վերաբերում են ԱԺ գործունեությանը, ընդդիմադիր խմբակցությունների գործողություններին։ Դրանք վերաբերում են և՛ անվստահություն հայտնելուն, և՛ իշխանափոխությանը և մնացած բոլոր հարցերին։ Պայմանավորվել ենք՝ ապագայում ևս, որպես ընդդիմադիր ուժ, մեր աջակցությունը ցուցաբերենք նաև ԱԺ-ում, որովհետև մեր խմբակցությունն աշխատանքներ ծավալում է ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս»,- ասել է նա։ 

Ըստ Օհանյանի՝ օրակարգում շարունակում են մնալ բոլոր գործողությունները. «Բայց Սրբազանն ինքն էլ է գիտակցում, որ ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունը կարող է գործել շարժման արդյունքից ելնելով, այսինքն՝ պետք է լինի ժողովրդական լայն համախմբում, որը կարող է անվստահություն հայտնելու պայմաններ ու նախապայմաններ ստեղծել»։