Սեպտեմբերի 13-ին Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Հայաստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ՀՀ ԱԳՆ միջազգային պայմանագրերի և իրավունքի ու Եվրասիական տարածաշրջանի վարչությունների պետեր Նելլի Սարոյանը և Ժիրայր Անանյանը։ Տաջիկստանյան պատվիրակությունը ներկայացնում էին ԱՊՀ երկրների վարչության պետ Ահմադ Սաիդմուրոդզոդան և պայմանագրային-իրավական վարչության պետ Փարվիզ Սոդիկին:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը մանրամասն դիտարկել են քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր: Տեղի է ունեցել միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում համագործակցության վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում:
Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, որն ուղղված է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի սկզբունքների վրա:
Խորհրդակցությունների շրջանակներում քննարկվել են նաև Հայաստանի և Տաջիկստանի միջև հարաբերությունների պայմանագրային-իրավական բազայի գույքագրման և հետագա կատարելագործմանն առնչվող հարցեր: Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային իրավական համագործակցության խնդիրների լայն շրջանակի։