ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաք են սկսել «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները: 60-օրյա ժամկետում պետք է հավաքվի 50.000 ստորագրություն: Սեպտեմբերի 16-ից մեկնարկում է ԵՄ-ին անդամակցելու հարցով ստորագրահավաքը։
«Ուղիղ երկու տարի առաջ թշնամին Հայաստանի սահմանի տարբեր հատվածներից ներխուժել էր մեր երկրի տարածք և, մեծ հաշվով, մենք անօգնական և անճար վիճակում էինք, որովհետև վերջին անգամ համոզվեցինք, որ դաշնակիցն այլևս դաշնակից չէ, և մենք պետք է մեր գլխի ճարը տեսնենք»,- այս մասին այսօր ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժողովրդավարական ուժերի հարթակի հավաքի ժամանակ ասել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։
Նրա խոսքով՝ այս ճանապարհին պետք է ոչ թե դրոշ վառել, թշնամիներին անիծել, խարազանել և դատապարտվածի պես պահել, այլ, հակառակը, պիտի դուրս գալ թշնամի-չթշնամի այդ պատմաքաղաքական ծուղակից, որից թույլ չեն տալիս դուրս գալ արդեն 100 տարի։
«Կարող ենք ամբողջ ազգով կանգնել արևելյան ու արևմտյան սահմաններին և շատ ուժեղ բղավել, որ թուրքը մեր թշնամին է։ Բայց դրանից ոչ մենք ենք ուժեղանալու, ոչ էլ թուրքն է թուլանալու։ Մենք դրանից ավելին պետք է անենք և այդ ծուղակից պիտի մեզ դուրս բերենք, որովհետև դա հայկական պետականության զարգացումն արգելակող ծուղակ է։ Չփոխել ոչինչ, նշանակում է թույլ տալ, որպեսզի ռուս-թուրքական դոմինանտությունն այս տարածաշրջանում հավերժ լինի։ Այս նպատակն է հետապնդել մեր թշնամին 100 տարի։ Այդ նպատակի ճանապարհն էր նաև 2020 թվականի պատերազմն Արցախի դեմ և 2023 թվականին Արցախի հետ տեղի ունեցածը, որն, ըստ էության, կնքեց ռուս-թուրքական դոմինանտությունը մեր տարածաշրջանում։ Հիմա մենք պատրաստվում ենք հաշտվե՞լ այդ իրականության հետ, թե՞ պատրաստվում ենք գործել»,- հայտարարել է Բաբաջանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանն այս տարածաշրջանում ռուս-թուրքական այս տանդեմին վերջ տալու մի տարբերակ ունի՝ ԵՄ անդամակցության հայտով և, ի վերջո, լիիրավ անդամակցությամբ դառնալ տարածաշրջանային խաղացող։ Ռուս-թուրքական պայմանավորվածությունը չեղարկելու մի հնարավորություն կա՝ Հայաստանը պիտի այս տարածաշրջանում սուբյեկտ ու դերակատար դառնա։