Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում Երևանում գտնվող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպում են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական գործիչների և երիտասարդ դիվանագետների հետ։
Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ողջունելով Ֆելիպե Պաուլիերին Հայաստանում և կարևորելով ՄԱԿ Երիտասարդության հարցերով գրասենյակի հետ համագործակցության խորացումը՝ նպաստելու հանրային կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդության մասնակցության ընդլայնմանը և ՄԱԿ շրջանակներում նրանց ակտիվ ներգրավմանը:
ՄԱԿ ԳՔ փոխտեղակալը ներկայացրել է ՄԱԿ-ի Քարտուղարության կազմում վերջերս հիմնադրված Երիտասարդության հարցերով գրասենյակի մանդատը և գործառույթները: Անդրադարձ է կատարվել միջազգային խաղաղության ու անվտանգության, զարգացման և մարդու իրավունքների ոլորտներում աշխարհի երիտասարդության դերի բարձրացման, որոշումների կայացման գործընթացներում նրանց ներգրավման ապահովման և վերջինների կարիքներն ու մարտահրավերները լսելի դարձնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հաջորդիվ տեղի է ունեցել մտքերի փոխանակում, որի ընթացքում հայ երիտասարդները ՄԱԿ ԳՔ փոխտեղակալին հարցեր են ուղղել երիտասարդության օրակարգի առաջմղման, որոշումների կայացման գործընթացներում մասնակցության, բազմակողմ հարթակներում երիտասարդական կազմակերպությունների, այդ թվում՝ համայնքային մակարդակում գործող կառույցների ներգրավման վերաբերյալ։