Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին։ Մեջբերելով հայտարարության այդ կետը՝ նա շեշտել է. «Անվտանգության երաշխավորը Հայաստանն է, և բոլոր նրանք, որոնք ասում են՝ որևէ երրորդ երկրի է անվտանգությունն ապահովելու երաշխիքը վերապահված, պետք է ցույց տան, թե որտեղ է դա գրված։ Ավելին, երթևեկության կազմակերպողը Հայաստանն է»։
Ըստ վարչապետի՝ չկա գրված, որ ինչ-որ մեկը ինչ-որ տեղից պիտի գա, երաշխավորի, անվտանգություն ապահովի․ «Ամեն ինչն անում է Հայաստանը, և այստեղից են բխում իրավազորության և սուվերենության մասին մեր պատկերացումները»։
Անդրադառնալով դրույթին, թե «տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները», վարչապետը նշել է. «Որտե՞ղ է գրված, որ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները պետք է տեղում ներկա լինեն։ Նման բան չկա»:
Ըստ նրա, եթե նկատի է առնվում ՀՀ-ում ռուս սահմանապահների ներկայությունը, ապա «նրանց ներկայությունը երկրում պայմանագրային հարց է ու Հայաստանի որոշելու հարցն է․ «Այսօր որոշել է, որ ներկա են, վաղը կորոշի, որ ներկա չեն»։
Փաշինյանը նաև ասել է, թե Ադրբեջանը համաձայն չէ ՀՀ տարածքով անցնելուն. «Որովհետև ասում է՝ չէ, անվտանգությունը դու չպետք է ապահովես։ Բայց ո՞նց չպետք է ես ապահովեմ, եթե ես ստորագրել եմ, դուք էլ եք ստորագրել»։