Օրերս «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտարարել էր, թե 2026-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերի հետ բանակցություններ է սկսել՝ ցանկանալով համախմբել «ռեալիստական ուժերին»։
Սուրենյանցի կարծիքով՝ օրվա իշխանության այլընտրանք կարող է լինել միայն այն դաշինքը, որն ստեղծված իրավիճակից դուրս գալու իրատեսական ելքեր կառաջարկի։ Նա տեղեկացրել էր, որ հանդիպումներ է սկսել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես և Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ։
Radar Armenia-ն փորձեց հասկանալ՝ դաշինքի ձևավորման գործընթացն արդեն մեկնարկե՞լ է։
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Radar Armenia-ի հետ զրույցում նշեց. «Ոչ մի կոնկրետ բան չեմ կարող ասել։ Շատերի հետ խոսում ենք, քննարկում»։ Հարցին՝ առաջիկայում կարո՞ղ է արդյոք նման բան տեղի ունենալ, Զուրաբյանն ասաց. «Ոչ մի կոնկրետ բան չկա, կան խոսակցություններ, քննարկումներ տարբեր քաղաքական ուժերի հետ»։
ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը դաշինքի շուրջ բանակցությունների մասին տեղեկություններ չունի. «Չեմ հասկանում՝ օրակարգը որտեղից է ձևավորվում։ Առաջին անգամ եմ լսում այս ամենի մասին։ Եթե ինչ-որ բան լիներ, կիմանայի, բայց չեմ կարող ոչ մի բան ասել։ Զարմացրիք ինձ»։
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանն էլ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ այս պահին քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում․
«Ամենայն հարգանքով տարբեր քաղաքական ուժերի, դրանց անդամների հանդեպ, թեև կան համատեղ աշխատանքի հաջողված պատմություններ, և շատերի հետ պահպանվում են մարդկային լավ հարաբերություններ, այնուամենայնիվ, գոնե այս պահին, քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում: Ավելացնեմ նաև, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք»,- գրել է նա։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանից էլ հետաքրքրվեցինք՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և ԴԱԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթաց կա՞, թե՞ ոչ։ Մարուքյանը հիշեցրեց Երևանի ՏԻՄ ընտրություններից հետո իր հայտարարությունը.
«Երևանի ընտրություններից հետո հայտարարությամբ եմ հանդես եկել․ տեսանյութը կա, որտեղ հստակ ցույց եմ տվել, որ երբ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցում, ՔՊ-ն մեծամասնություն չի կարողանում ձևավորել։ Առաջարկել եմ բոլոր այն ուժերին, որոնք գտնվում են իշխանությունից և խորհրդարանական, այսպես կոչված, ընդդիմությունից դուրս և չեն պատրաստվում այդ երկու բևեռների հետ համագործակցել, այդ ուժերին կոչ եմ արել համախմբվել, որից հետո ինքս սկսել եմ հանդիպումներ ՀԱԿ-ի, Սուրեն Սուրենյանցի, քաղաքական դաշտի այլ դերակատարների հետ»։
Դաշինք ձևավորելու հարցի առնչությամբ ԼՀԿ նախագահը նշեց՝ բավականին շուտ է նման բաներ ասել. «Բայց այն, որ շփումներ կան այն մտայնությամբ, ինչի մասին ասացի, դա այդպես է։ Քննարկումները շարունակվում են։ Հուսով եմ՝ ներկա և նախկին բևեռների կենտրոնում կստացվի ձևավորել մի այնպիսի ուժ, որը կկարողանա այդ երկու՝ իրար ծնող համակարգերը մերժել միասին, որովհետև կարծում եմ, որ նախկիններն ու ներկանները միասին պետք է մերժվեն և միասին տուն ուղարկվեն։ Խոսքն ամբողջ պառլամենտի մասին է»։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ ԲՀԿ-ի հետ հանդիպումներ չի ունեցել և ոչինչ չի կարող ասել։
Ինչ քաղաքական դասավորումներ ու վերադասավորումներ կլինեն մինչև 2026-ի խորհրդարանական ընտրությունները, ժամանակը ցույց կտա, բայց այն, որ որոշ քաղաքական ուժեր արդեն պատրաստվում են ընտրություններին, նկատելի է։
Հայկ Մագոյան