ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում անդրադարձել է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետին։
Նա հիշեցրել է, որ կառավարությունը շուրջ 2 տարի շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով պատրաստակամ է իրականացնել ապաշրջափակումը։ Վարչապետը մանրամասնել է, թե ինչն է խանգարում այդ գործընթացի իրականացմանը. «Խանգարում է այն, որ, կարծես, մեր ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել մեր կողմից առաջարկվող հնարավորությունից։ Մասնավորապես, շատ է քննարկվում հարցը, թե որքանով է «խաղաղության խաչմերուկ» նախագիծը համապատասխանում կամ տեղավորվում այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ Վերջին շրջանում այս հարցով քննարկումներն ակտիվացել են, և փորձ է արվում ներկայացնել, թե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն երրորդ ուժեր կամ երրորդ երկիր։ Ես պետք է միանգամից ասեմ, որ նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ»,- ասաց նա՝ մեջբերելով եռակողմ հայտարարության 9-րդ կետը։
«Եռակողմ հայտարարությունն ՀՀ տարածքում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման անվտանգության գործառույթը և անվտանգության երաշխավորի դերը վերապահել է Հայաստանին։ Սա բաց, հրապարակային տեքստ է»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ որոշ միջազգային գործընկերներ փորձում են հայտարարությունը ներկայացնել այլ կերպ. «Օրինակ, ինչ չկա եռակողմ հայտարարության մեջ. չկա, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն, նման դրույթ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ընդհանրապես չկա»,- ասել է նա՝ կոչ անելով հայտարարությունում փնտրել ու գտնել դրույթ, որ հակառակը կպնդի. «Չկա որևէ դրույթ, որ ՀՀ իրավազորությունն իր ինքնիշխան տարածքում, որևէ կերպ պետք է սահմանափակվի՝ մաքսային, սահմանային, ֆիտոսանիտարական և այլ հսկողությունների առումով։ Նման դրույթ պարզապես գոյություն չունի և չէր էլ կարող ունենալ»,- ասել է նա։