ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
Նա հիշեցրել է, որ համաձայնագրի 16 հոդվածներից 13-ը համաձայնեցված են ամբողջությամբ, ևս 3-ը՝ մասնակի. «Հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների հաստատման՝ միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային հիմնարար դրույթները, առաջարկում ենք վերցնել այն, ինչն այս պահին համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ, որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որ երկու կողմերին՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին, հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները»,- ասել է վարչապետը։
Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի՝ այս պահին համաձայնեցված մասում նախատեսված է դրույթ՝ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ․ «Հետևաբար, կարող ենք գնալ նման լուծումների․ մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային, պաշտոնապես, և ուզում եմ վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի համաձայնեցված տեքստը»։