Նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում եռակողմ հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի, Էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։
Զրուցակիցները փաստել են, որ հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ընդլայնման մեծ ներուժ:
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, ինչը նշանակում է, որ առկա է մեծ հնարավորություն համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունն էլ ավելի զարգացնելու։
Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումների ներգրավման, ԵՄ ստանդարտների համապատասխանեցման, ԵՄ-ի հետ առևտրատնտեսական կապերի խորացման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։
Անդրադառնալով Կառավարության խաղաղության օրակարգին՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հնարավոր տնտեսական առավելություններն ու կարևորությունը Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղություն հաստատելու գործում։ Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհասնեն հայ-լիտվական տնտեսական օրակարգի ընդլայնմանն ու հետագա խորացմանը: