Քաղաքական

Ընդդիմությունն աշնանը ինտենսիվ գործողություններ է խոստանում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ձևավորված ընդդիմադիր շարժումը աշնանն ավելի ինտենսիվ գործունեության կանցնի։ Ըստ Սաղաթելյանի՝ սեպտեմբերի 22-ին մարզահամերգային համալիրում մեծ միջոցառում է լինելու, որտեղ Բագրատ արքեպիսկոպոսը ծավալային ելույթ կներկայացնի անելիքների մասին։

Սաղաթելյանն անդրադարձել է նաև շարժման նախկին ակտիվիստ Սուրեն Պետրոսյանի հայտարարություններին, թե շարժումը Ռոբերտ Քոչարյանն է ղեկավարում. «Լուրջ մարդկանցից լուրջ հարցեր տվեք։ Որ չթողնեինք, նա որևէ կերպ չէր կարող այդտեղ հայտնվել։ Եթե իրեն թվում է, թե չենք թողել, ու ինքը հայտնվել է, սխալվում է»։

Նա նաև նշել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժման հետ հարաբերությունների մասին. «Բագրատ սրբազանը եկել է իր դեմքով, նախաձեռնությունը եղել է իրենը, իր անցած ճանապարհն ու աշխատանքը մենք գնահատում ենք, ինքը շատ կարևոր աշխատանք է իրականացրել, մենք էլ ամբողջությամբ օգնել, օժանդակել, նախաձեռնել ենք։ Դա գաղտնի չենք արել, թաքուն չենք արել, այլ՝ առաջին օրվանից հայտարարություն ենք արել»։