Քաղաքական

«Խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը տեխնիկապես և փաստացի համաձայնեցված է». Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի՝ Ադրբեջանին առաջարկված վերջին տեքստն ամբողջապես համաձայնեցված տեքստ է. «Դրանք կամ հոդվածներ են, որ նախկինում ամբողջապես են համաձայնեցվել, կամ հոդվածների այն մասերը, որոնք արդեն հաջողվել էր համաձայնեցնել։ Ըստ էության, ստացվում է՝ տեխնիկապես և փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, և մեր առաջարկն է եղել ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել»։

Ըստ նրա՝ տեքստի շուրջ այլևս չկան անհամաձայնություններ. «Այլ բան, գիտեք, երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ ու խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթացում, և մեր մոտեցումն է, որ օր առաջ, րոպե առաջ ստորագրենք համաձայնեցված տեքստը»։

Նախարարի խոսքով՝ պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես է համաձայնեցված, 3-ը՝ մասնակի. «Նախաբանն էլ առանձին կտոր է»,- ասել է նա՝ մեկնաբանելով, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը հայտնել 17 հոդվածի մասին։ Միրզոյանի խոսքով՝ նա երևի նկատի է ունեցել նաև նախաբանը։