ՀՀ-ում Իրանի դեսպանությունը մանրամասներ է հաղորդել դեսպան Մեհդի Սոբհանիի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից։
X-ի իր միկրոբլոգում դեսպանատունը տեղեկացրել է. «Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է ԻԻՀ դիրքորոշումը` միջազգային սահմանների անփոփոխելիության, ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանը աջակցելու վերաբերյալ։
ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու և միջազգային սահմանների անփոփոխելիության մասին ԻԻՀ դիրքորոշման կապակցությամբ։ ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս ԻԻՀ հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը։
Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի տարածքում ցանկացած ապաշրջափակում վերահսկվելու է Հայաստանի ներքին ինստիտուտների կողմից՝ նրա ազգային ու տարածքային ինքնիշխանության շրջանակներում, և հայտարարել, որ Հայաստանը դեմ է միջանցքի տրամաբանությամբ ցանկացած ապաշրջափակմանը: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր»։