Քաղաքական

«Կոնտեքստից կտրված մեկնաբանությունները վնասակար են»․ Նիկոլ Փաշինյան

2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ՀՀ տարածքով անցնող կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելու գործառույթը վերապահված է Հայաստանի Հանրապետությանը՝ պատասխանելով ԱԺ ամառային դպրոցի ունկնդրի հարցին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Վերջին շրջանում շատ են քննարկումները տարածաշրջանային կոմունիկացիաների մասին։ Այդ քննարկումներում կան նաև որոշ տարընթերցումներ։ Վերջերս ՌԴ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարեց, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների անվտանգությունը պետք է ապահովեն ՌԴ անվտանգային դաշնային ծառայության սահմանապահ զորքերի ուժերով։ 

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման բան չկա գրված։ Դա հրապարակային փաստաթուղթ է, կարելի է բացել և կարդալ։ Ընդհակառակը, այնտեղ գրված է, որ ՀՀ-ն է ապահովում, երաշխավորում հաղորդակցության անվտանգությունը։ Հայտարարության 9-րդ կետը տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու մասին է։ Կոնտեքստից կտրված մեկնաբանությունները ոչ միայն օգուտ չեն տալիս, այլև վնասակար են։ 

ՀՀ կառավարությունը հրապարակային և պաշտոնապես ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և եթե որևէ մեկը դեմ է այդ նախագծին, պետք է բացատրի, թե ինչու է դեմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։