ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և փոխնախագահ Մերի Գալստյանը հանդիպել են դանիացի պատգամավոր Շյուրդուր Սկաալեի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին` Արման Եղոյանը կարևորել է հայ-դանիական խորհրդարանական համագործակցության զարգացումը:
Խոսելով Հայաստան-Եվրամիություն խորացող գործակցությունից` հանձնաժողովի նախագահն արժևորել է այդ գործընթացում դանիական փորձառությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկմանը, դրա վերաբերյալ խորհրդարանական վերահսկողությանը:
ԱԺ պատգամավորները բարձրաձայնել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները` դրանց կարգավորման հարցում կարևորել միջազգային գործընկերների և կազմակերպությունների աջակցությունը: Հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցին: