Քաղաքական

«Մի հատ լռեք», «Ձեր չափերն անցնում եք». լեզվակռիվ ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ  քննարկվում է Հայաստանի և ԵՄ-ի միջև քրեական վարույթներով համագործակցության (Եվրաջասթ) համաձայնագիրը վավերացնելու հարցը, լեզվակռիվ սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի և հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության անդամ Արման Եղոյանի միջև։

Նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Արմեն Գևորգյանը  23-րդ կետի վերաբերյալ հարց հնչեցրեց, թե ինչ է նշանակում «ԵՄ զգայուն կամ ոչ զգայուն տեղեկատվությունների փոխանակումը»։ Ընդդիմադիր պատգամավորն ասաց՝ եթե պայմանագիր ենք քննարկում, կարող ենք հոդված-հոդված քննարկել։

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն էլ ասաց. «Քննարկենք, բայց դա վերածում եք հեգնանքի ու համարյա ծաղրական բանի...»։

«Ես այդպիսի բան չեմ ասել»,- հակառակվեց Գևորգյանը. «Հիմա ձայնագրությունը հետ տանք, եթե այդպիսի ինտոնացիայով այդպիսի հարց չեմ տվել, ակնկալում եմ Ձեր ներողությունը»։

Եղոյանն էլ ասաց, որ ինքը չի խորշում ներողություն խնդրել, երբ սխալ է։ Երբ Գևորգյանը զուգահեռաբար խոսում էր, Եղոյանն ասաց. «Մի հատ կլռե՞ք, պարոն Գևորգյան»։

Գևորգյանն էլ ասաց, որ ինքը հանգիստ է խոսում։ Եղոյանը հակադարձեց․ «Ոչ, Դուք ընդհատում եք ինձ»։ Որից հետո Գևորգյանն արձագանքեց՝ «Ձեր չափերն անցնում եք»։