Քաղաքական

«Երկրորդ և երրորդ նախագահները Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունեն, այլ՝ իրար հետ». Պետրոսյան

«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ խնդիր չունի Նիկոլ Փաշինյանի հետ, խնդիր ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Երրորդ նախագահը որևէ խնդիր չունի Նիկոլ Փաշինյանի հետ, այլ՝ երկրորդ նախագահի․ երկուսն իրար մեջ խնդիրներ ունեն». լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն՝ անդրադառնալով շարժման անհաջողության պատճառներին։

«Նրանք միևնույն հարցի շուրջ ունեն խիստ կոնսենսուս, որ նոր քաղաքական դերակատարներ չպետք է հայտնվեն։ Սա միակ կոնսենսուսն է, որ Հայաստանում կա»,- ասաց նա։

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հովանավորնե՞րն են, Պետրոսյանն ասաց, որ չի կարող ասել, թե ուղիղ կապի մեջ են, բայց այն համակարգը, որը այսօր կա, իշխանությունների հիմնական հենարանն է․

«Այս համակարգի հիմնական խնդիրն այն է, որ այս ստատուս-քվոն պահպանվի։ Պատկերացնում եք՝ ինչ «մահացու» վտանգ է, եթե նոր դերակատարներ առաջ գան, իսկ շարժման ամենակարևոր խնդիրը պետք է լիներ դուրս գալ այս շրջափուլից, հավաքագրել նոր որակով ու ձևով դերակատարներ»։