Քաղաքական

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցության հարցերը

Վրաստանի պաշտպանության նախարարությունում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։

Հանդիպման ընթացքում նախարարները կարևորել են ռազմական կրթության բնագավառում փորձի փոխանակման ուղղությամբ համագործակցության ակտիվացումն ու ընդլայնումը, ինչպես նաև երկուստեք ընդգծել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղություն հաստատելու կարևորությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր խմբերի փոխայցելությունների միջոցով ուսումնասիրել նաև երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ընդլայնման ու նոր ոլորտների ընդգրկման հնարավորությունները:

Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Վրաստան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր: