Քաղաքական

Գերմանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ դեսպանի Ձեր բարձր առաքելությունը կիրականացնեք մեծ նվիրումով և հանձնառությամբ` ներդնելով Ձեր մասնագիտական փորձը՝ հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։ Հավաստիացնում եմ, որ Հայաստանի իշխանությունները լիակատար աջակցություն կցուցաբերեն Ձեզ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը միտված Ձեր բոլոր նախաձեռնություններում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նորանշանակ դեսպանը շեշտել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր բոլոր ջանքերը կներդնի երկու երկրների հարաբերությունների շարունակական ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա սերտ փոխգործակցության հետագա խթանմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի հաստատակամ դիրքորոշումը հարևանների հետ կարգավորված և բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաև ինչպես Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում տարբեր ձևաչափերով փոխգործակցության խթանման կարևորությանը: