Հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում գործող օրենսդրության մեջ առաջացել են անհամապատասխանություններ, որոնք վերացնելու նպատակով գործադիրն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական, ընտանեկան, վարչական իրավախախտումների վերաբերյալ, հարկային օրենսգրքերում և յոթ օրենքներում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքներով սահմանվել են նոր հասկացություններ, ինչպես նաև ներդրվել է հաշմանդամության գնահատման նոր համակարգ: Տվյալ օրենքներով կիրառվում են մի շարք, այդ թվում՝ «հաշմանդամություն ունեցող», «ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձ» և «ֆունկցիոնալության գնահատում» և այլ սահմանումներ, որոնք անհրաժեշտ է ամրագրել նաև հարակից օրենքներում՝ վերանայելով «հաշմանդամ», «հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խումբ կամ կարգ», «բժշկասոցիալական փորձաքննություն» և այլ բառերը: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները խմբագրական բնույթի են: Նոր ձևակերպումներն ու հասկացությունները համապատասխանեցվում են գործող օրենսդրությանը:
Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ օգոստոսի 29-ի արտահերթ նիստում: Այն առաջարկվել է ներառել ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: