Քաղաքական

Նոր կարգավորումներ՝ հարկադիր պարապուրդում գտնվելիս հատուցում ստանալու համար

Կառավարությունը լրացում եւ փոփոխություն է առաջարկում Աշխատանքային օրենսգրքում: Նոր կարգավորումներն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը եւ նշել, որ նպատակն է հստակեցնել հարկադիր պարապուրդին վերաբերող հատվածները: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործող օրենսգրքով հարկադիր պարապուրդը հնարավոր է հաշվարկել մինչեւ դատական կարգով դատական ակտի ուժի մեջ մտնելը: Արդյունքում այդ գործընթացն այնքան երկար է տեւում, որ քաղաքացին հաճախ անցնում է այլ աշխատանքի, սակայն համարվում է դեռեւս պարապուրդում գտնվող:

Առաջարկվող փոփոխությամբ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատողի կողմից այլ գործատուի մոտ նոր աշխատանքի անցնելու բոլոր դեպքերում տվյալ ժամանակահատվածի համար հարկադիր պարապուրդի դիմաց վճարվելու է նախկին աշխատանքի համար վճարված վերջին ինն ամսվա աշխատավարձի չափով գումար: Եթե աշխատողն ինն ամսից պակաս է աշխատել, ապա տրվելու է այդ ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի չափով գումար, ինչպես նաեւ նախկինում եւ հարկադիր պարապուրդի տվյալ ժամանակահատվածում նոր աշխատանքի դիմաց ստացած աշխատավարձերի դրական տարբերությունը: Արմենուհի Հարությունյանի խոսքով հաջորդ աշխատավայրում ավելի նվազ աշխատավարձ ստանալու դեպքում դրական տարբերությունը եւս վճարելու հնարավորություն կլինի:

Պատգամավորները հետաքրքրվել են անօրինական աշխատանքի համար դատարան դիմելու դեպքերի վերլուծությամբ, դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման հնարավորությամբ, աշխատանքային իրավունքների ապահովման եւ օրենսդրական կարգավորման այլ խնդիրներով: Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը մտահոգություն է հայտնել այն առնչությամբ, որ ակնկալելով ավելի բարձր փոխհատուցում՝ աշխատողը կարող է թաքցնել նոր աշխատանք գտնելու փաստը, ինչը կխթանի ստվերը: «Բայց որքան էլ երկար ձգվի հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը, միեւնույնն է՝ դատական ակտը կայացնելու պահին վճիռը կայացվում է՝ ըստ գործող իրավակարգավորումների, համաձայն որոնց՝ այն չի կարող գերազանցել 12 ամսվա գումարը: Հետեւաբար, ասել՝ եթե դատական վեճը կտեւի, ենթադրաբար, երեք տարի եւ կստանա ավելին, այստեղ ունենք սահմանափակումներ»,- նշել է հանձնաժողովի նախագահը: Այս առումով նա բարձրացրել է վերահսկողական գործառույթների արդյունավետ կիրառման խնդիրը:

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: