ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 29-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերայի գլխավորած պատվիրակությանը: Շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից եւ նշել, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ուրուգվայի` հայ ժողովրդին վերաբերող զգայուն թեմաների շուրջ ունեցած դիրքորոշումն ու ցուցաբերած պարբերական աջակցությունը:
ՀՀ ԱԺ նախագահն Անա Օլիվերային է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը, որոշ մանրամասներ հայտնել բանակցային գործընթացից ու «Խաղաղության խաչմերուկ» նախագծից: Քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստան-Ուրուգվայ փոխհարաբերությունները եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերը:
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն իր հերթին խորին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել, որ Ուրուգվայը մեծ կարեւորություն է տալիս երկու երկրների հարաբերությունների զարգացմանը:
Անա Օլիվերան շրջել է նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ու գրառում կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրանցամատյանում: