Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Ողջունելով հյուրին՝ Գլխավոր հանձնակատարն անդրադարձել է Հնդկաստանի հայ համայնքի պատմական նշանակությանն ու մեր օրերում համայնքի հետ համագործակցության հարցերին։
Զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը զրուցակցին է ներկայացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեության հիմնական ուղղություններն ու ծրագրերը։ Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 17-20-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին, որին այս տարի մասնակցում են նաև գործընկեր երկրների սփյուռքի գծով պատասխանատու ներկայացուցիչները։
Իր հերթին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն անդրադարձել է Հնդկաստանի փորձին սփյուռքի և արտերկրում բնակվող հայրենակիցների հետ աշխատանքներում։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր՝ կարևորելով երկու երկրների սփյուռքի հարցերով լիազոր մարմինների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը։