«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ։
Բողոքի ակցիայի պատճառը Բելառուսի նախագահի հայտարարությունն է, երբ ասել էր. «Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան»։
Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Լուկաշենկոն կեղտոտ խաղ է խաղում, և Հայաստանը պետք է խզի հարաբերություններն այդ երկրի հետ. «Չէինք կարող անտարբեր մնալ, և մեր փոքր խմբի բողոքը, վստահ եմ, մեր ժողովրդի հավաքական վերաբերմունքն է»։ Բաբաջանյանը նաև ուշադրություն է հրավիրել, որ Լուկաշենկոն իր հայտարարություններն արել է Պուտինի՝ Բաքու այցից հետո։