Քաղաքական

Քննարկվել է Հայաստանի և Վիետնամի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը

Օգոստոսի 12-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը հանդիպել է Վիետնամի արտաքին գործերի նախարար Բույ Թան Շոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են տնտեսական, քաղաքական, կրթական, մշակութային և այլ ոլորտներում փոխհարաբերությունների օրակարգի ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր: Ընդգծվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցերի նշանակությունը՝ երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման տեսանկյունից:

Ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ դեսպան Բաղդասարյանը կարևորել է Վիետնամի հետ կապերի ամրապնդումը միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման, զբոսաշրջության խթանման, Հայաստան-Վիետնամ ուղիղ չվերթների կազմակերպան և այլ հարցեր: