Կառավարություն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ-ի և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Հունիսի 26-ին այդ վարկային համաձայնագիրն ստորագրվել էր բյուջետային աջակցության 75 մլն եվրո վարկային միջոցների ստացման նպատակով։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ ծրագիրը 3 հիմնական բաղադրիչ ունի՝ հանրային ֆինանսական համակարգի բարելավում, պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածների ամրապնդում, ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակում, և առավել թափանցիկ կառավարման ապահովում։
Հովհաննիսյանն, անդրադառնալով շրջանառվող «սենսացիաներին», թե Հայաստանի արտաքին պարտքը հատել է այս կամ այն շեմը, նշեց, որ ամեն տարվա բյուջեով նկարագրում են, թե Հայաստանի պարտքը ինչպես է փոխվելու, ինչ աղբյուրներից է ֆինանսավորվելու և ամեն տարի բյուջեի քննարկումների ժամանակ այս բոլոր հարցերը պարզ են դառնում բոլորին, և այստեղ որևէ նորություն չկա։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ արձագանքեց, թե այնքան կարևոր չէ պարտքի չափը, որքան պարտքով ներգրավված միջոցների օգտագործման արդյունավետությունը։