Քաղաքական

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ամիրբեկովի հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը Radar Armenia-ին մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի այն հայտարարությունը, որ Բաքուն ու Երևանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրից հանել հաղորդակցությունների վերաբացման մասին կետը և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ։ Ըստ Ամիրբեկովի՝ այս պահին բանակցություններին նպաստող գործոններից մեկն այն է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել մնացած հարցերից ամենավիճահարույցի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ։ 

«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը՝ պետք է ընդգծել, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս:

Այն լավագույնս արտացոլվել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում՝ հիմնվելով հայտնի սկզբունքների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, ինչպես նաև փոխադարձության ու հավասարության վրա»,- նշել է խոսնակը:

Հայկ Մագոյան