Քաղաքական

Բաքոյանը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացումը

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը ողջունելով Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է, որ հատկապես վերջին ժամանակաշրջանում հետևողականորեն խորացնում են հարաբերությունները Եվրամիության անդամ երկրների հետ:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար առանցքային էր ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ինչը, վստահաբար, նոր թափ կհաղորդի ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի կայուն փոխգործակցությանը: 

Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի հարյուր հազարից ավելի հայերի խախտված իրավունքներին ու դրանց պաշտպանությանը: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդգծել է, որ երկարաժամկետ ծրագրերի իրականացման հարցում Հայաստանն ակնկալում է միջազգային գործընկերների աջակցությունը:

«Հայաստանը և Գերմանիան ունեն երկարամյա բարեկամական հարաբերություններ: Չափազանց կարևորում եմ հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը և համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ընդգծել է Ռուստամ Բաքոյանը:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման նպատակով Հայաստանի  կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նա արժևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում Գերմանիայի դերակատարությունը:

Որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ անցյալ տարվա հունվարին Գերմանիայի Բունդեսթագն ընդունել է 2014 թվականին Սինջարում տեղի ունեցած ցեղասպանությունը դատապարտող բանաձևը՝ ընդգծելով, որ այն պատմական նշանակություն ունի եզդի ժողովրդի համար:

Նաումբուրգի քաղաքապետ Արմին Մյուլլերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու երկրների միջև փոխհամագործակցությունն առանցքային նշանակություն ունի: Նրա ներկայացմամբ՝ Նաումբուրգն ակտիվ համագործակցում է Արմավիր քաղաքի հետ, փորձում են իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր մի շարք ոլորտներում:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Միքայել Շմիդտը, տեղեկացնելով, որ Հայաստանում ունեցել են մի շարք հանդիպումներ, ընդգծել է, որ Սաքսոնիա-Անհալթ երկրամասը հայ ժողովրդի կողքին է: Նա կարևորել է խաղաղության հաստատումն ու ամրապնդումը: