Քաղաքական

Եվրախորհրդարանի նախագահը ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ընդլայնելու՝ ՀՀ ցանկությունը

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին և ողջունել Հայաստանի՝ ԵՄ հետ հարաբերություններն ընդյալնելու ցանկությունը։

«Հարգելի՛ պարոն Սիմոնյան, շնորհակալ եմ Եվրոպական խորհրդարանի նախագահի պաշտոնում իմ ընտրվելու կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ի Ձեր շնորհավորական նամակի համար: Իմ լիազորությունն ու պատասխանատվությունն է շարունակել ղեկավարել եվրոպական այս կառույցը:

Եվրախորհրդարանն ընդունում և ողջունում է այն փաստը, որ Հայաստանը վճռականորեն ընդգծել է Եվրոպական միության հետ հարաբերություններն ընդլայնելու և դրանց առաջնահերթություն տալու իր ցանկությունը: ԵՄ-Հայաստան գործընկերության համաձայնեցված նոր օրակարգը, ինչպես նաև Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը մեր ընդլայնված հարաբերությունների վառ ապացույցն են:

Հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն կունենա վերսկսել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների հարցերով Եվրոպական խորհրդարանի պատվիրակության հետ` վերջինիս առաջիկա հիմնադիր ժողովից հետո, երբ նորընտիր պատգամավորները կստանձնեն իրենց պաշտոնները: Վստահ եմ, որ սա առանցքային հարթակ կապահովի միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման համար»,- գրել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում։