Արդեն 7 օր Սևանա լճի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ը համախմբվել էր ներդրողների, մենթորների, պանելային քննարկումների, սեմինարների, ժամանցային միջոցառումների շուրջ՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` նախարարի տեղակալներ Ռուբեն Սիմոնյանի և Գևորգ Մելիքսեթյանի ուղեկցությամբ մասնակցել են այս ոչ ֆորմալ բիզնես ֆորումին: Ներկա են գտնվել նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կոնֆերանսին, որտեղ ծանոթացել են համայնքի ընտանիքին միացած նոր ընկերությունների գործունեությանը: Մխիթար Հայրապետյանը քննարկումներ է ունեցել ԱՏՁՄ-ի տնօրեն Սարգիս Կարապետյանի հետ:
Ոչ ֆորմալ հանդիպումները շարունակվել են ՏՏ համայնքի, ընկերությունների ղեկավարների հետ, քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության հարցերը: ՀՀ ԲՏԱ նախարարը հույս է հայտնել, որ ոլորտի նորարարական ոգին առաջ է մղելու ոչ միայն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, այլև ողջ տնտեսությունը։